«Վերջին լարվածության հիմնական պատճառը Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելն է»:
Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
ԱԳՆ ղեկավարն ասել է, որ չնայած եռակողմ հռչակագրի ստորագրումից անցել է 1 տարի 9 ամիս, Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները։
«Նրանք դեռ չեն լքել Ղարաբաղը։ Մենք պահանջում ենք, որ Հայաստանը դադարեցնի սադրանքները։ Հայաստանը պետք է ամբողջությամբ կատարի իր պարտավորությունները։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը լիովին կապահովվի։ Ադրբեջանը թույլ չի տա, որ հայկական որևէ անօրինական զինված ուժ գոյություն ունենա իր ինքնիշխան տարածքում։ Մենք դա բազմիցս ասել ենք: Կարծում ենք, որ հայկական կողմը պետք է լուրջ մոտենա սրան»,- նշել է նախարարը։
Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է նաև Նախիջեւանի հետ կապ հաստատելու հարցին. «Ադրբեջանի տարածքում մինչև Հայաստանի սահմանն ավարտվել է ինչպես մայրուղիների, այնպես էլ երկաթուղու շինարարական աշխատանքների ավելի քան 50 տոկոսը»։
«Ադրբեջանն այդ աշխատանքները կավարտի 2023 թվականին սեփական հողի վրա։ Մենք չենք կարծում, որ Հայաստանը կարող է շատ ձգձգել գործընթացը։ Ադրբեջանն արդեն սկսել է Արազ գետի վրայով առաջին կամրջի կառուցումը Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Նախիջևան գնալու համար այլընտրանք կա. Այս նախագիծը կիրականացվի ամեն դեպքում։ Սա Հայաստանի համար շանս է՝ տարածաշրջանային զարգացման ծրագրերից դուրս չմնալու։
Թե ինչ որոշում կկայացնի Երևանը, դա իրենց գործն է, բայց եթե հայկական կողմը ճիշտ որոշում չընդունի, ապա ամենաշատը նրանք են տուժելու»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։